Pages

"Literature is not an ornament, a pleasant pastime, a pretty flower. Literature is a weapon to struggle against injustice."
Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը։“

Podcast sur France Culture

Sunday, March 17, 2019

Իմ Մայրիկը (մաս I)

Հրանտ և Զապէլ, 1934
Մայրս սիրում էր պատմել իր ծննդավայրի՝ Կ.Պոլսի ասիական մասում գտնվող թաղամասի՝ Սկյուտարի և իր մանկության օրերի արարքների մասին: Դրանք զուտ երեխայական խաղեր չէին. նրանց մեջ արդեն ուրվագծվում էր ապագա գրողի էությունը՝ բողոքն անարդարությունների դեմ, վառ երևակայությունը, հեգնանքը կյանքի արատավոր երևույթների նկատմամբ:

Նա հաճախ հիշում էր մտերիմ բարեկամ, բանասեր, բժիշկ Թորգոմյանին, որը նրան պատկերանում էր որպես մի առասպելական անձնավորություն: Հմուտ մասնագետ էր. գիտնական (գրել է հայ բժշկության պատմությունը). միաժամանակ չափազանց բարի մարդ: Բժշկի միակ թերությունն այն էր , որ շատ էր հուզվում, երբ հիվանդի դրությունը ծանրանում էր: Տեսնելով նրա արցունքները. տնեցիներն իրենք էին նրան մխիթարում՝«բժիշկ, հոգ մի ընեք, կլավանա»:

Հայրս՝ նկարիչ Տիգրան Եսայանը. ծնվել է 1874 թվականին Կ. Պոլսում. Օրթագյուղ թաղամասում . վախճանվել է 1927 թվականին Փարիզում: Միջնակարգ կրթությունը ստացել է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանում, մասնագիտականը՝ Ստամբուլի, ապա Փարիզի գեղարվեստից վարժարաններում. ինչպես նաև Փարիզի Ժուլիանի ակադեմիայում՝ նկարչության գծով: Ստեղծագործել է Կ. Պոլսում և Փարիզում:

Հորս ընտանիքը բավական բարձր դիրք ուներ Կ.Պոլսում, բայց նա դեռ երիտասարդ հասակում չի հարմարվում այդ միջավայրին և բարոյական խզում է կապերը յուրայինների հետ: Նա որոշ իմաստով տոլստոյական հայացքներ ուներ և այդ հողի վրա հաճախ վեճեր էին լինում մեր տանը մորս հետ: Երբ 1908 թ. Թուրքիայում հռչակվում է նոր սահմանադրություն, հորս առաջարկում են Կ. Պոլսի պետական պատկերասրահի դիրեկտորի պաշտոնը: Բացի բարձր աշխատավարձից, նրան տրվում է հնարավորություն գործուղվելու Եվրոպայի տարբեր երկրներ՝ պետական գնումներ կատարելու նաև կատարելագործվելու նկարչության մեջ: Բայց հայրս, հակառակ մորս հորդորներին չի համաձայնում ասելով, որ ընդունելով այդ առաջարկը, ստիպված կլինի նկարել թուրք բարձր աստիճանավորներին, ինչը նրա համար անընդունելի էր:

Ավելի ուշ, Ֆրանսիայում, երբ կառավարությունը ռեպրեսիաներ էր գործադրում առաջավոր տարրերի, այսպես կոչված՝ անարխիստների դեմ և Ֆրանսիայի  մտավորականության ականավոր ներկայացուցիչները, ի նշան բողոքի, ետ էին տալիս վաստակած պետական շքանշանները, հայրս իր բողոքն արտահայտում էր նկարելով ինքնանկար առանց փողկապի. ինչը խորհրդանշում էր գիլյոտինի դատապարտվածներին:



Տիգրան Եսայան
Մայրս դեմ էր հորս որոշ ծայրահեղություններին և կյանքից կտրվածությանը, բայց հասկանալով համբերատարությամբ էր վերաբերվում դրանց: Նա ամուսնու նկարագիրը տվել է Տիրանի գրական կերպարում « Բարպա Խաչիկ» վեպում, թեպետ բավականին գունատ: Հայրս ասում էր, որ ամենից շատ դժվարանում է նկարել կնոջը: Գուցե մայրս էլ չի կարողացել հաջող նկարագրել ամուսնուն:

Եսայան ամուսինների տարբեր ժամանակներում առանձին ապրելու հանգամանքը ( որը հիմնականում պայմանավորված է եղել պատմական դեպքերով ) առիթ է տվել եզրակացնելու, որ նրանք ամուսնալուծված են եղել:

Ինչպես ցույց են տալիս հետագա դեպքերը. նրանք ունենալով տարբեր հայացքներ կյանքի վերաբերյալ, երբեք ամուսնալուծված չեն եղել, մշտապես հարգել են իրար ու պահպանել փոխադարձ կապ:

Եսայան ընտանիքի Փարիզյան ուսանողական շրջանի համար բնորոշ են զավեշտական երկու դրվագ:


Սուղ էին նյութական միջոցները: Երբ մի նկարի վաճառքից հետո կամ գրվածքի հրատարակումից որոշ գումար էր ձեռք բերվում, դրա մի մասը «թաքցնում» էին սենյակի խուլ անկյուններում, նեղ օրվա համար: Եվ ահա, երբ վրա է հասնում այդ օրը. սկսվում էին որոնումները, որոնք հաճախ վերջանում էին անարդյունք, իսկ երբեմն մի մոռացված տեղից, որտեղ ժամանակի ընթացքում կուտակվել էին դրամները, հայտնաբերվում էր ամբողջ «գանձեր»՝ ուրախություն պատճառելով ընտանիքին:

Փարիզի տանիքների տակ կյանքը լի էր անակնկալներով: Մի նեղ օր, երբ դրամի որոնումներն ավարտվել էին ապարդյուն, տան կատուն բերում է փափուկ մսի մի մեծ կտոր: Տնեցիների առաջին գործը լինում է կատվից խլել մսի կտորը, որը նա, ի միջի այլոց, հեշտությամբ զիջում է: Հայրիկս միջամտում է. հայտարարելով, որ դա կատվի արդար իրավունքն է: Միսը վերադարձվում է կատվին: Կենդանին, չհասկանալով կատարվածը, մեկ նայում է մսին, մեկ՝ տնեցիներինև, վերջապես, նրանց բարյացակամ նայվածքից քաջալերվում, վայելում իր արդար «իրավունքը»: Այդ արտահայտությունը տարբեր առիթներով միշտ հիշվում էր մեր տանը:



Իմ առաջին հիշողությունը. կապված մորս հետ վերաբերում է 1915 թվականին, երբ (...) տարեկան էի: Սկյուտարի բարձունքին նոր էր կառուցվել փայտաշեն կինոթատրոն: Ամբողջ ընտանիքով գնացինք այնտեղ կինոնկար դիտելու: Հավանբար խավարից վախեցա՝ փախա սրահից: Երբ նկատեցին իմ բացակայությունը, արդենհեռու է: Դուրս վազեցին ինձ որոնելու . մայրս գտավ ինձ (...) տակ: Կարծես դեռ զգում եմ նրա արցունքոտ դեմքի հպումն իմ դեմքին և խելահեղ համբույյրները: Դրանք այդ օրերի սիրո վերջին արտահայտություններն էին, մոտենում էին ահավոր դեպքերը:

Ապրիլի 24-ին ոստիկանները Զ. Եսայանի դուռն էլ են թակում, ասելով, որ մի փոքր ձևականություն մը կա կատարելու ոստիկանատանը: Բայց նա տանը չէր, այլ Կ. Պոլսից ոչ հեռու, Մալկարայում, բանաստեղծ, գրող գրաքննադատ Արտաշես Հարությունյանի տանը, գրող Լևոն Լարենցի, Օննիկ Պերպերյանի հետ, ուր կազմակերպում էին գրական քննարկումներ:

Շուտով տարածվում է ձերբակալությունների լուրը, և տնեցիները մի ծանոթի միջոցով զգուշացնում են մորս, որ տուն չվերադառնա: Սկկսվում է փախստական կյանքը:


Այդ ժամանակ է, որ մայրս կատարում է աննախընթաց սխրանք: Իմանալով, որ Սիամանթոն, Վարուժանը և շատ ուրիշներ ձերբակալվել են, որոշում է գնալ իթթիհատականների ակումբ՝ հանդիպելու այդ կուսակցության պատասխանատու գործիչներից մեկին, որինծանոթ էր դեռ Փարիզից՝ ուսանող ժամանակից: Երիտթուրքերի մի մասը, փախչելով համիդյան հալածանքներից, ապաստան էին գտել Ֆրանսիայում և կապ հաստատել տեղի հայերի հետ. նրանց   ընդունելով որպես դաշնակիցներ ընդհանուր թշնամու՝ համիդյան ռեժիմի դեմ:

Մայրս պատշաճ հագուստով ներկայանում է ակումբ և պահակին հայտնում, որ մի ֆրանսուհի ցանկանում է տեսնել այսինչ անձնավորությանը: Նրան անմիջապես ընդունում են : Տեսնելով մորս, թուրք պաշտոնյան գունատվում է: Այդ նկատելով, մայրս ձեռքերը պարզում է առաջ (որպեսզի նա չկասկածի իր դիտավորությունների վրա, չկարծի զինված է), որից հետո սկսվումէ խոսակցությունը: Մայրս արտահայտում է իր մտահոգությունը ձերբակալված ընկերների վերաբերյալ, հավատալով, որ կարող է օգնության հույս ունենալ: Թուրք պաշտոնյան ջանում է ապացուցել, որ ձերբակալվածները երկրի դավաճաններ են, բայց և խոստանում է տեղեկանալ նրանց մասին և թեթևացնել նրանց վիճակը: Երբ հարցնում է մորս. «Ինչ կարող եմ անել ձեզ համար» մայրս բացասաբար օրորում է գլուխն ու հրաժեշտ տալիս: Պաշտոնյան ուղեկցում է նրան մինչև շենքի ելքը. պատվիրում է կառք և կառապանի հարցական հայացքին պատասխանում «Հանըմը կասի ուր տանել»:


Չնայած այս ջենտլմենական վերաբերմունքին, մայրս անհանգստանում է և որոշում թաքստատեղը փոխել: Օգտվելով այն հանգամանքից, որ իր Մաքրիկ մորաքրոջ աղջիկն աշխատում էր իբրև բուժքույր Հայտար փաշայի հիվանդանոցում. հիվանդ ձևանալով տեղափոխվում է այդտեղ և մահճակալ զբաղեցնում: Ինչպիսի՜ն է լինում մորս սարսափը, երբ մի քանի օր հետո իմանում է, որ այդ նույն անձնավորությունը, որին հանդիպել էր իթթիհատականների ակումբում, մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննչական այցի է եկել հիվանդանոց: Երբ պաշտոնյան մտնում է հիվանդասենյակ, և նայվածքները հանդիպում են. նա նույնքան է գունատվում, որքան մայրս,և կարճ կապելով քննությունը, դուրս է գալիս սենյակից: Հանդիպումն անակնկալ էր:

Չնայած այս երկրորդ հանդիպումն էլ անմիջական հետևանք չունեցավ, մայրս այլևս չի կարողանում մնալ հիվանդանոցում և որոնում է ուրիշ թաքստոց: Երկար թափառումներից հետո մերթ թրքուհու, մերթ եվրոպացու դիմակի տակ, դիմում է տալիս՝ Բուլղարիա մեկնելու. իբրև թե հույն դերձակուհի է և Բուլղարիայում ապրող մի ծանոթից օժիտ պատրաստելու պատվեր է ստացել: Այդ հանգամանքներում նա չէր կարող ինձ և մորը հետը տանել:


Անցագրի ձևակերպման գործողությունները հաջող են ընթանում. մնում է վերջին անցաթուղթը, որով նա արդեն ազատ կարող էր անցնել սահմանը:Պաշտոնյան, որը պետք է կատարեր այդ գործողությունը, գրագրությունները վերջացնելուց հետո համառորեն նայում է մորս, կնիքը ձեռքին մի րոպե տատանվում. կիսաբաց անում առջևի դարակը, ասես թե ուսումնասիրում է ինչ-որ լուսանկարներ: Այդ պահին ներս է մտնում մի ծխախոտավաճառ, որն իր հետ բերած տուփի  մեջ տեղավորել էր տարբեր տեսակի ծխախոտներ: Պաշտոնյան, ըստ երևույթին, ծխախոտի սիրահար լինելով, թողնում է գործը մոտենում վաճառողին, հոտոտում նմուշները: Մայրս դիմում է նրա օգնականին, «Էֆենդի, փաստաթղթերը պատրաստ են, խնդրում եմ դնեք կնիքը, շատ եմ շտապում»: Նա համաձայնում է, և մայրս, վերցնում է անձնագիրը, արագ դուրս է գալիս աշխատասենյակից:

Զ.Եսայանը Կ. Պոլսից հեռանում է 1915 թվականի ամռանը: Ֆիլիպեում (ներկայումս՝ Պլովդիվ), որտեղ նա հաստատվել էր, շուտով ապրում է խորը տագնապ: Կ. Պոլսում թողել էր մորը և որդուն, Ֆրանսիայում ՝ ամուսնուն, աղջկան, քույրերին, որոնց հետ կապն արդեն երկար ժամանակ է խզված էր պատերազմի պատճառով:

Այն սրճարանը, ուր նա լինում էր, ընկերական շրջանակում հոգեկան սփոփանք գտնելու, այցելում էր մի բուլղարացի սոցիալիստ ևս, երեսփոխանական ժողովի դեպուտատ՝ Մակեդոնիայի շրջանից: Տեսնելով մորս հուսահատ վիճակը և իմանալով իրերի ու ընտանիքի դրությունը, նա հայտարարում է.


-Մակեդոնացու խոսք. ես նրա որդուն ու մորը բերել կտամ:

Որոշվում է սկզբում ինձ բերել. հետո՝ տատիկիս:

Ինձ Կ.Պոլիսից Ֆիլիպե է բերում մի բուլղարացի ընտանիք, որպես իրենց զավակի:

Բուլղարիայում երկար չմնացինք: Այդ երկիրը մտնում էր գերմանա- ավստրիական առանցքի մեջ՝ Թուրքիայի կողմը, որով կարող էր մեզ վտանգ սպառնալ: 1915 թ. վերջին մի քանի հայ վտարանդիների հետ, որոնց մեջ էին Ռուբեն Զարգարյանի և Վարդգես Սերինգուլյանի այրիներն իրենց զավաններով, օրիորդ Գեղեցիկ Պարտիզպանյանը և ուիշները, Բեսարաբիայի վրայով մեկնեցինք Կովկաս:

Տեղի մտավորականությունը Հ. Թումանյանի գլխավորությամբ մեզ ջերմորեն ընդունեց: Մեծ բանաստեղծն օգնում էր մորս, իսկ նա իր հերթին՝ Կ. Պոլսից գաղթած մեր խմբի ընտանիքներին, որոնք երկար տարիներ կապված մնացին միմյանց հետ:

Չնայած հյուսվածությունը. Կ. Պոլսում և գաղթի ժամանակ կրած տառապանքներին, Զ.Եսայանը ծավալում էր բուռն հասարակական գործունեության որբախնամության, գաղթականները տեղավորման և մատակարարման գծով: Միաժամանակ նա մեծ աշխատանք էր տանում արևմտահայ գրողների ստեղծագործությունները պրոպագանդելու գործում: Հետագայում տարբեր առիթներով հիշվում էր այն դասախոսությունը, որ կարդացել էր Թիֆլիսում 1916 թվականին «Թուրքահայ ժամանակակից գրողները» թեմայով:


Մենք հաճախ Հ. Թումանյանի հյուրն էինք լինում Վոզնեսենսկայա փողոցում գտնվող տանը: Մի օր, երբ մեծերը զբաղված էին ընդունելությամբ, իսկ ես երեխաների հետ վազում էի սենյակից սենյակ, նկատեցի սեղանի էլեկտրական մի լամպ, որի լույսի էֆեկտները աղբյուրից հոսող ջրի տպավորություն էին թողնում: Հրապուրված այդ տեսարանով, մոտեցա լամպին և ձեռք տվի. հոսանքն  ինձ խփեց: Իմ բարձրացրած աղմուկից բոլորը ներս խուժեցին: Մայրս շատ հուզված էր, բայց հյուրերի մոտ իրեն զսպում էր:

Հրանտ Եսայեան
Թումանյանի դստեր՝Նվարդի հուշերի գրքում կա մի նկար, որտեղ ճանաչեցի այդ չարաբաստիկ լամպը դասավորիչ պահարանի վրա (այն ժամանակ, հավանաբար, ավելի ցածր տեղ էր դրված):

Եղել ենք Հ.Թումանյանի հյուրը նաև Պյատիգորսկի նրա ամառանոցում, որտեղ մեր վրա հատկապես ուժեղ տպավորություն են թողել կարմիր կակաչների դաշտերը և խոր քարայրն իր կապույտ լճակով ու չղջիկներով:


1919 թվականի վերջին տեղափոխվեցինք Բաքու, որտեղ Զ. Եսայանը շարունակում էր իր աշխատանքը գաղթականների և որբերի խնամակալության գծով: Ինձ հանձնել էին Բիբի-Հեյբաթում ապրող մի հայ ընտանիքի՝ մայր ու աղջիկ Մկրտչյաններին: Առաջինի եղբայրը ինժեներ էր. ամուսնացած չէր և հոր հոգատարությամբ մեծացնում էր քրոջ աղջկան:

Այդ ժամանակվա հետամնաց տեխնիկայի պայմաններում Բիբի- Հեյբաթում ամեն ինչ՝ հողը, շենքերը ներծծված էին նավթով: Փողոցներում հոսում էին նավթի առուներ, մթնոլորտն ապականված էր ծանր գոլորշիներով, որոնց բնորոշ հոտն ինձ դուր էր գալիս: Ցուրտ երեկոները նստում էինք բուխարու դիմաց, որն իր շիկացած ածխակտորներով իմ մանկական երևակայության մեջ պատկերանում էր որպես պատերազմի դաշտ: Գուցե դա Բաքվի քաղաքացիականմարտերի մասին մորս պատմածների արձագանքն էր :

Մայրս ապրում էր քաղաքի կենտրոնում՝ լավագույն հյուրանոցներից մեկում: Նա մշակել էր պատերազմի պայմաններում Փարիզ վերադառնալու համարձակ ծրագիր հետևյալ երթուղիով՝ Պարսկաստան, Միջագետք, Բաղդադ, Բասրա, Եգիպտոս, Ֆրանսիա: Այդ ժամանակ Փարիզում էին գտնվում հայրս, քույրս՝Սոֆին, և մորաքույրներս՝Մաթիլդն ու Գեղուհին: 1918 թվականի գարնանը Բաքվից  մեկնեցինք Պարսկաստան: Պարսկական
նավահանգստային քաղաքում՝ Էնզելիում, հարկադրված եղանք մնալու մորս դիֆթերիայով հիվանդանալու պատճառով: Այն տուն, որտեղ պառկած էր, ապակեծածկ պատշգամբ ուներ, որի մյուս երեսից ինձ բերում էին տեսակցության :Մայրս մեծ քաջությամբ տանում էր հիվանդությունը, որը համապատասխան շիճուկի բացակայության պատճառով շատ ծանր էր ընթանում: Ինքն էր մաքրում կոկորդը փայտիկի վրա փաթաթած բամբակով, չցանկանալով ուրիշներին վարակել:



Ապաքինումից հետո մեկնեցինք Թեհրան, որտեղ բավական ժամանակ մնացինք՝մինչև ճանապարհորդությունը շարունակելը: Հիմնականում ապրել ենք քաղաքի կենտրոնում. Թագավորական պալատից և շուկայից ոչ հեռու. որքան հիշում եմ ատամնաբույժ Ստեփանյանի տանը: Որոշ ժամանակ էլ մնացել ենք պարսկահայ գրականագետի ոչ մեծ կալվածքում, որը հեռու չէր Թեհրանից: Մայրս նրա հետ մի քանի օրով մեկնեց Իսպահան և վերադարձավ հիասքանչ տպավորություններով, հատկապես հիշում եմ վարդաստանների նրա նկարագրությունը:
Ճանապարհորդությունը դեպի Եվրոպա շարունակեցինք նույն տարվա ամռանը: Հաջորդ հանգրվանը Բաղդադն էր, ուր հասնելու համար միակ հաղորդակցության միջոցն անգլիական զինվորական գնացքակազմներն էին: Միայն ազդեցիկ  ծանոթ մարդկանց միջնորդությամբ մեզ հաջողվեց մասնակից դառնալ այդ վտանգավոր ճանապարհորդությանը:

Պարսկական ազգային - ազատագրական շարժման մարտիկները, որոնց գաղութարարներն անվանում էին «ավազակներ», ահ ու սարսափ էին պատճառում: Այդ մարդկանց տեսքն իրոք, սարսափելի էր: Նրանք երդվել էին չսափրվել մինչև հայրենիքի լիակատար ազատագրումը օտարերկրյա կեղեքիչներից: Վայրենի արտաքինի տակ թաքնված էր  նրանց ասպետական նուրբ հոգին: Նրանք անզեն մարդկանց, հատկապես կանանց և երեխաներին ձեռք չէին տալիս, բայց անխնա էին տալիս, բայց անխնա էին զինված թշնամու նկատմամբ: Ոսկի, դրամ և իհարկե, զենք, զինամթերք բռնագրավում էին միայն իրենց շարժման նպատակների համար: Մի հանդիպման ժամանակ նրանք մոտեցել էին մորս՝ պայուսակը զննելու և երբ մայրս ասել էր, որ դա իր անձնական սպիտակեղենն է, առանց ձեռք տալու հեռացել էին:

Պարսիկ պարտիզանների հետ կապված մի ուրիշ դեպք նկարագրված է «Ճամբուն վրա» ակնարկում («Արեգ» ամսագիր, 1922, հունիս, Վիեննա), որտեղ մայրս արտահայտում է իր համակրանքն այդ «ավազակների» նկատմամբ:

Սով էր երկրում. ճանապարհներին թափված էին անասունների, հատկապես ձիերի դիակներ: Քիչ չէին նաև մարդկային դիակները: Հովիտներում ճնշում էին շոգը գարշահոտությունը: Նույն օրը, երբ բարձրանում էինք լեռնային շրջանները, ցրտից առաջացած արցունքները սովորաբար մնում էինք քաղաքներում, որտեղ հայ բնակիչները սիրով ապաստան էին տալիս ճամփորդներին: Մեծ քաղաքներից մեկում՝Քիրմանշահում: Մեզ հետ պատահեց  մի անսպասելի դեպք: Կանգնել էինք մեզ հատկացված տան բակում, երբ փայտյա սանդուղքով շտապ-շտապ իջնում է միջին տարիքի մի մարդ և վազելով դեպի մեզ, փաթաթվում մերթ մորս, մերթ ինձ և ագահությամբ համբուրում: Մեկ էլ սթափվելով, ետ- ետ է գնում և վազելով հեռանում, մեզ թողնելով ապշած վիճակում: Պարզվեց, որ նա սպասում էր իր կնոջը և որդուն, որոնք մի քանի տարի առաջ մեկնել էին Եվրոպա, մենք, ըստ երևույթին, արտաքին տեսքով համապատասխանում էինք նրանց: Թյուրիմացության հետևանքը եղավ այն, որ մեզ տրամադրվեցին այդ տան ամենալավ սենյակը և առատ հյուրասիրություն բայց տանտերն այլևս չերևաց, որի համար մենք առանձնապես դժգոհ չէինք: Մեր միակ մտահոգությունն այն էր որ դռները փականք չունեին (դա կապված էր այն բարբարոսական խստությունների հետ, որ կիրառվում էին գողերի նկատմամբ՝ կտրում էին նրանց ձեռքերը): Մեր անձի ապահովության համար գիշերները դռան մոտ մի պարսիկ պահակ էր կանգնում, որն իր տեսքով ավելի սարսափ էր ներշնչում, քան ապահովություն:

Բաղդադ հասանք ամռան վերջին: Այստեղ էին գտնվում հորաքույրս և իր զավակները, որոնց մոտ հյուրընկալվեցինք որոշ ժամանակ : Բաղդադից մեկնեցինք Բասրա, կարծեմ՝ գնացքով: Հյուրն էինք մի ունևոր հայի: Նա ուներ փայտամշակման մեծ արհեստանոց, որտեղ վխտում էին կարիճները: Շուրջ բոլորն արմավենիներից անտառներ էին:

1918 թվականի աշնան սկիզբն էր: Պատերազմի պայմաններում քաղաքացիական երթևեկությունը չէր գործում: Բասրայից Եվրոպա գնալու միայն մի հնարավորություն կար՝ առևտրական նավերը: Ներկայացավ այդպիսի առիթ, առևտրական մի նավ մեկնելու էր Աֆրիկա և այն շրջանցելով ՝Ֆրանսիայի ափերը: Այդ հեռանկարն ինձ, բնականաբար, շատ էր ոգևորում:Ինչը կարող էր ավելի հրապուրիչ լինել, քան երկու անգամ կտրել հասարակածը և անցնելմշտական փոթորիկների՝ Բարեհուսո հրվանդանի ափերի մոտով: Բայց ինչ-որ պատճառով այդ ծրագիրը չիրականացավ: Ճանապարհորդությունը կատարեցինք մի ուրիշ առևտրական նավով, որ մեկնելու էր այդ ճանապարհորդությունն էլ շատ հետաքրքրական   էր, մանավանդ, երբ անցնում էինք Կարմիր ծովով: Իրոք, ծովը կարմրին էր տալիս ծփացող ալիքներով: Մայրս մշտապես հիանում էր այդ տեսարանով: Մի օր տեսնելով անգլիացի մի ուղևորի, որը չէր դիտում ծովը, նա հարցնում է.

-Մի՞թե ձեզ չի հետաքրքրում այս սքանչելիքը:

-Ի՞նչ կարիք կա նայելու , քանի որ արդեն տեսել եմ:

Մայրս դա որպես անգլիական սառնարյունության օրինակ էր բերում:

Մեր նավը դանդաղ էր առաջանում և օրերով կանգնում նավահանգիստներում: Հիսուն օր պահանջվեց Սուեզ հասնելու համար:

(Շարունակելի)




ՀՐԱՆՏ  ԵՍԱՅԱՆ

Հոբելյանական տարեթվեր
Զ.Եսայանի 100-ամյակի առթիվ


1 comment:

  1. Շնորհակալ եմ այսքան մանրամասն տեղեկութիւններու համար իմ ամենասիրած վիպագիրի մասին: Շատ հետաքրքրական է: Անհամբեր կը սպասեմ յաջորդին:

    ReplyDelete